Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ
13.10.2009 | 00:00

«Իմաստությունը չի մտնի չարանենգ մարդու մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (1.5)։
Հնուց ի վեր այս գիրքը կրում է «Իմաստություն Սողոմոնի» խորագիրը, քանզի Է-Թ գլուխների զրուցակիցը նա է, ում հրեական ավանդությունը համարել է իդեալական «Իմաստուն»: Իրականում, սակայն, մենք գործ ունենք այն օրերին մեծ տարածում գտած գրական մի եղանակի հետ, որը հետամտում էր նոր տեսությունը կնքել հանրորեն ճանաչված անձնավորության անունով: Իրոք, այս գիրքն ալեքսանդրյան հրեաների ստեղծագործությունների հետ ընդհանրության եզրեր ունի, և կազմել է հունարեն սփյուռքի հավատացյալների համայնքի մի հրեա:
Կազմության տարեթիվը որոշակի չէ: Տեղեկությունները հիմնված են մասնավորապես առանձին բառերի և Եգիպտոսի հրեաների՝ քաղաքացիական իրավունքների (ԺԹ 15) բնագավառում հավասարության պահանջներին վերաբերող ակնարկության վրա: Այս տեղեկությունները մեզ դրդում են չանցնել ն. Ք. հիսնականների սահմանագիծը, այլ հասնել մինչև հռոմեական ժամանակաշրջանը, մինչև Օգոստոսի կողմից Ալեքսանդրիայի նվաճումը (ն. Ք. 30 թ.): Մյուս կողմից, այս ստեղծագործությունը չի գրվել մի շնչով, այլ կազմվել է մի քանի տարում: Ընդ որում, գրքի երրորդ մասը նմանության բազում եզրեր ունի Փիլոն Ալեքսանդրացու «Մովսեսի կյանքը» երկի հետ: Նույնիսկ ենթադրում ենք, որ այս երկու ստեղծագործություններն օգտվել են միևնույն միդրաշից. թվում է` նրանք ժամանակագրորեն իրար մոտ են:
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սույն գիրքը, ըստ զանազան դիրքորոշումների ու խնդրական կետերի, կարելի է բաժանել երեք մեծ մասի.
Մարդու ճակատագիրն ըստ Աստծու (Ա-Ե): Այստեղ արդարների ճակատագիրը հակասության մեջ է գտնվում նրանց հալածող ամբարիշտների ճակատագրի հետ: Այս մասը նպատակ ունի հաստատելու հրեաների հավատքն այն գիտակցությամբ, որ արդարների կրած չարչարանքները հանդերձյալ կյանքում նրանց փառավորվելու նախապատրաստությունն են: Հեղինակը հորդորում է նրանց արդարություն գործել, որ հավիտենական է (Ա 1-15): Այո՛, իրենց նյութապաշտությամբ մոլորված ամբարիշտները հալածում են արդարին, որովհետև նրանց համար անտանելի է դարձել վերջինիս տեսնելը. «Անուղղա մարդիկ այսպես խորհեցին իրենց սրտի մեջ` ասելով. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի. և երբ մարդը հասնի իր վախճանին, ոչ մի փրկություն չկա, և չկա մեկը, որ վերադարձած լինի մահվան գերեզմանից։ Մենք պատահաբար ենք ծնվել և սրանից հետո էլ չեղածի պես ենք լինելու... Արդ, եկե՛ք վայելենք այն վայելքները, որ կան և, ինչպես մանկության օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծված է։ Եկե՛ք անիրավությամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբևայրուն, չխորշենք ծերի բազմամյա ալեհերությունից։ Թող մեր ուժը դառնա արդարության ուժը, որովհետև տկարությունը պիտանի չէ և ոչ մի բանի։ Այսպես խորհեցին և խաբվեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը, ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։ Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան ըստ իր բարօրության պատկերի» (Ա 16-Բ 20): Սակայն այս վարքագիծն ընտրելով, նրանք չգիտեն, որ Աստված հավիտենականությունը պահում է մաքուր հոգիների համար, իսկ իմաստության թշնամիներն ըստ արժանվույն կպատժվեն» (Բ 21-Գ 12): Պտղաբեր կինը, եթե վատ վարք ունենա, միայն կշտամբանքի կարժանանա և հակառակը, ամուլ կինը, եթե առաքինի է, գովեստի կարժանանա. «Լավ է անզավակ լինել, բայց առաքինի, որովհետև առաքինի մարդու հիշատակն անմահություն է, որ ճանաչվում է թե՛ Աստծու կողմից, թե՛ մարդկանց։ Առաքինությանը հպվելիս մարդիկ նմանվում են նրան» (Գ 13-Դ 6): Ամբարիշտների երկարակեցությունը նույնպես, եթե դա նրանց վիճակված է արդարի վաղաժամ մահվան պատճառով, ոչ մի դրական իմաստ չունի և նրանց չի փրկի դատաստանի ամոթից, երբ կանգնած կլինեն Աստծու փառքի մեջ մտած արդարի առաջ և իզուր կզղջան (Դ 7-Ե 14): Իսկ արդարները կապրեն հավիտյան, և Աստված դատաստանի օրը նրանց Իր հովանու ներքո կառնի (Ե 16-24):
Իմաստության գովերգը (Զ 1-ԺԱ 3): Այս գովերգը գրված է Սողոմոնի անվամբ և խորագիր չունի: «Իմաստություն Սողոմոնի» գիրքը խուսափում է հատուկ անուններից՝ բացառությամբ հինգ քաղաքների (Ժ 5) և Կարմիր ծովի (Ժ 18 և ԺԹ 7): Սողոմոնը դիմում է մնացած թագավորներին՝ կոչ անելով ընդունել Իսրայելի որդիների իմաստության ուսուցումները: Թվում է` հեղինակն այստեղ նկատի ունի ոչ հրեա թագավորներին, իսկ վերջիններիս միջոցով՝ հեթանոսական ուսյալ շրջանները: Թագավորներին ուղղած կոչից հետո Սողոմոնն արծարծում է խորհրդավոր ճշմարտության թեման, որն անհրաժեշտ է ճանաչել և գործադրել (Զ 12-21): Այնուհետև խոսում է նրա բնության և ծագման բացահայտման մասին (Զ 22-25): Թեպետ Սողոմոնը մահկանացու է, բայց նրա աղոթքը լսվեց, և նա ստացավ իմաստության բոլոր բարիքները (Է 1-14): Աստծուն՝ ամեն իմաստության աղբյուրին աղաչելուց հետո (Է 15-21) նա աստիճանաբար նկարագրում է իմաստության տարբերակիչ հատկանիշներն ու բնությունը. «Նրա մեջ կա բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դյուրաշարժ, պարզ, անարատ, հայտնի, անվրեպ, բարեսեր, արագ, անարգել, բարերար, մարդասեր, հաստատուն, զգուշավոր, անհոգ, ամենազոր, ամենահայաց և կարող` թափանցելու մտավոր, մաքուր և նրբին բոլոր բաների մեջ։ Նա մշտնջենավոր լույսի նշույլ է, Աստծո ներգործության անարատ հայելին և Նրա վեհության պատկերը։ Նա մի է, բայց ամենակարող. Նա ինքնակա է, բայց նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիներ մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ։ Աստված չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստությամբ ապրողից։ Արդարև, իմաստությունն ավելի գեղեցիկ է, քան արեգակը և բոլոր աստղաբույլերը, իսկ լույսի հետ համեմատած` առավել է նրանից, որովհետև լույսը փոխվում է գիշերի, մինչդեռ իմաստությանը չի կարող հաղթել չարությունը» (Է 22-Ը 1): Ըստ նրա, իմաստությունը նման է բնակակից իդեալական կնոջը (Ը 2-16): Այսպիսի բարեկամությունը, սակայն, ձեռք է բերվում ոչ այլ կերպ, քան Աստծու շնորհով (Ը 17-21): ՈՒստի Սողոմոնը նոր աղոթք է ասում, որպեսզի իմաստությունը իր՝ թագավորի կողքին կանգնի և սովորեցնի Աստծու կամքը (Թ 1-12): Միայն նա գիտի այդ կամքը և, հետևաբար, ի զորու է փրկել մարդուն (Թ 13-18): Նա երևան է գալիս իբրև պատմության տիրուհի (Ժ 1-ԺԱ 3)՝ սկզբից մինչև Եգիպտոսից դուրս գալը, «Ծննդոց» գրքում նկարագրված բոլոր անցքերի միջով:
Ելքի մտահայումը (ԺԱ 4-ԺԹ 21): Վերջին մասն ավելի երկար է ու խճճված, քան առաջին երկուսը: Այն իրենից ներկայացնում է համադրությունների մի շղթա իսրայելացիների և եգիպտացիների ճակատագրերի միջև՝ սկսած ելքի հարվածներից: Սակայն այս հաջորդականությունը բազմիցս ընդհատվում է կռապաշտությունը մերժելուն ուղղված շեղումներով ու բանավեճերով: Համադրությունների կոշտությունն ու տոնի խստությունը մղում են կարծելու, որ հեղինակը, բացի հրեական կրոնի արժեքների պաշտպանությունից, նաև նախազգուշացնում է բոլոր նրանց, ովքեր նեղում են իր համայնքին: Նա սկսում է մի սկզբունքի արծարծմամբ, որով էլ առաջնորդվում է. դա այն գործիքն է, որ կիրառում է Աստված՝ Իր թշնամիներին պատժելու համար, բայց այդ պատիժը միաժամանակ բարերարություն է Իսրայելի համար (ԺԱ 5-6): Ջուրը, որով պատժվեցին եգիպտացիները (արյան փոխված Նեղոսի ջրերի ակնարկությունն է), անապատում Իսրայելի որդիների ծարավը հագեցրեց (ԺԱ 4-14): Այնուհետև հեղինակն արծարծում է անասունների պաշտամունքին առնչվող մի բանավեճ և անմիջապես նշում, որ Աստված միշտ արդարությամբ է պատժում մարդկանց, որպեսզի վերջիններիս մղի ապաշխարության (ԺԱ 5-ԺԲ 1): Այս տեսակետից է մեկնաբանվում իշամեղուների դերը նախքան քանանացիների ոչնչացումը (ԺԲ 2-14): Ինչևէ, Աստված բացարձակ արդարությամբ է դատում, իսկ Նրա արդարությունը չափանիշ է Իսրայելի որդիների համար (ԺԲ 15-22): Անասունների պաշտամունքը մերժելու բանավեճը նա շարունակում է ակնհայտ ծաղրանքով (ԺԲ 23-27): Ընդսմին հեղինակը նկատում է կռապաշտության երկու ձև՝ տարերքի աստվածացում (ԺԳ 1-9) և մարդկային ձեռքերի գործերի պաշտամունք (ԺԳ 10-ԺԴ 11): Կռապաշտության երկրորդ ձևը խաբեությամբ ներս սպրդեց և հիմնահատակ այլասերեց կյանքը (ԺԴ 22-31): Ճիշտ է, Իսրայելը շնորհիվ իր հավատքի խուսափեց կռապաշտության վտանգից, սակայն մյուսներն ընկղմվեցին նրա մեջ. օրինակ՝ բրուտը կավից չաստված է կերտում (ԺԵ 1-ԺԶ 1-4): Հեղինակն այստեղ նորից արծարծում է համադրություններն ու խորանում յուրաքանչյուրի մեջ. լորամարգիների հրաշքը և գորտերի հարվածը (ԺԶ 1-4), պղնձե օձը, որ բուժում էր եբրայեցիներին, եգիպտացիների վրա ուղարկված սպանիչ կենդանիները (ԺԶ 5-14), ցուրտն ու մանանան (ԺԶ 16-29), խավարն ու կրակե սյունը (ԺԷ 1-ԺԸ 4), Եգիպտոսի անդրանիկների մահն ու զատկական փրկությունը (ԺԸ 5-25) և, վերջապես, եգիպտացիների խեղդվելը Կարմիր ծովում ու Իսրայելի անարգել անցումը ծովի միջով (ԺԹ 1-12): Եգիպտացիները պատժվեցին նրա համար, որ նվազ հյուրասեր էին, քան Սոդոմի բնակիչները (ԺԹ 13-16): Հեղինակը վերջին անգամ է անդրադառնում ելքի հրաշագործություններին, որպեսզի այն առնչի տարերքի բնության հետ (ԺԹ 17-20): Գիրքն ավարտվում է հակիրճ վերջաբանով (ԺԹ 21):
ՀԱՎԱՏԱՄՔԸ
Գիրքը նոր բացատրություններ է տալիս արդարների հոգիների անմահության և իմաստության անձնավորման վերաբերյալ:
1) Արդարների անմահությունը: Հեղինակը բախվում է արդարի խնդրին, արդարի, որը մահանում է առանց հատուցում ստանալու: Նա պատասխան է տալիս Հոբի բարձրացրած հարցերին ու նրանցում առկա անհանգստությանը և ուսուցանում, որ երկրի վրա հալածված արդարների հոգիներն Աստծու մոտ կատարյալ հանգստություն են վայելելու և այցելության կամ դատաստանի օրը ստանալու են իրենց վարձքը (Բ 22, Գ 1-9, Դ 7-14, Ե 16-24): Հեղինակը հոգու և նրա հավիտենական վիճակի գերակայության մասին իր ըմբռնումով բացորոշ է դարձնում հունական մտքից կրած ազդեցությունը, և դա անհերքելի է: Այդուհանդերձ, նա չի ընդունում պլատոնյան դուալիզմը: Մարդը մնում է հոգուց ու մարմնից բաղկացած էակ, և թվում է` որոշ համարներ (հատկապես Գ 7 և Ե 16-17) ընդունում են Դան. ԺԲ 2-3-ի և Բ Մակ. Է 9-ի հստակորեն արտահայտած մարմինների հարության դավանանքը: Ըստ նրա, երկու բառ հակիրճ կերպով շարադրում են հանդերձյալ կյանքում արդարների հատուցման գաղափարը՝ անմահություն (Ա 15, Գ 4, Դ 1, Ը 17, ԺԵ 3) և անեղծություն (Բ 23 և Զ 19-20): Հեղինակը ցանկանում է հասկացնել ընթերցողներին, որ արդարների կյանքը չի ընդհատվում բնական մահով, այլ հասնում է հանդերձյալ կյանքում Աստծու հավիտենականությանն ու Նրա փառքին: Եվ հակառակը, ամբարիշտներն արդեն այսօրվանից իրենց վարքով հրաժարվում են անմահությունից, քանզի նրանք արդեն իսկ այսօր որոշ չափով մեռած են: Ըստ հեղինակի, անմահությունն անխտիր բոլոր մարդկանց վրա տարածվող վերացական հասկացություն չէ, այլ արդարների հոգիների ուղեկիցն է:
2) Իմաստության անձնավորումը: Հեղինակն իմաստության իր անձնավորումով մեզ շրջում է դեպի «Առակաց» Ա-Թ գլուխներն ու ընդլայնում դրանք: Բայց նա կենտրոնանում է արարչագործությանն ուղղված իմաստության աշխատանքի (Է 12 և 22, Ը 5-6) և նրա տիեզերական գործունեության վրա (Է 24, Ը 1): Ըստ հույների, իմաստությունն աստվածաբանական գիտելիքներ ձեռք բերելու և դրանք մտահայելու միջոց է: Մինչդեռ, հեղինակի կարծիքով, իմաստությունը աստվածային հայտնությունն է, որովհետև բացահայտում է Աստծու կամքն ու խորհուրդները (Թ 13 և 17), որովհետև նա տեղ ունի Աստծու կյանքում և մասնակցում է Նրա բոլոր գործերին (Ը 3-4): Իմաստությունը քաղցրությամբ կառավարում է աշխարհը (Ը 1), սակայն ուղեկցում է արդարներին, հաստատվում նրանց հոգիներում և նրանցից Աստծու բարեկամներ կռում (Դ 1, Է 27): Եվ վերջապես, ամեն գիտության և գիտելիքի աղբյուրն է նա (Է 16-21): Իմաստության անձնավորումը նրբին հարց է հարուցում. արդյոք դա գրական եղանա՞կ է, թե՞ հեղինակն իմաստությանը նայում է իբրև Աստծու և աշխարհի միջև միջնորդական ճշմարտության կամ աստվածային անձնավորության: Գիրքը չի պարունակում այն, ինչը մեզ հնարավորություն կընձեռեր լուծել խնդիրը: Թվում է, թե իմաստությունը բացահայտում է Աստծու գործի հիմնական կողմերը և միաժամանակ ի կատար ածում դրանք: Իմաստության աղերսը Հոգու հետ (Ա 6, Է 7 և 22-23, Թ 17) որոշ մեկնաբանների մղում է խոստովանել, որ այն Սուրբ Հոգու նախօրինակն է: Դժվար է այս մեկնության հիմքը գտնել: Իմաստությունը ոչ միայն ձգտում է Իսրայելի պատմության մեջ և արարված աշխարհում մարմնավորել Աստծու հայտնությունը, այլև իրականացնել Աստծու սերը՝ «քաղցրությամբ բուժելով բոլորին» (հմմտ. Ը 1): Այս իմաստով իմաստությունը, ավելի ճիշտ, աստվածային շնորհի ընթացքի նախօրինակն է, որն իր լրումը գտավ Հիսուս Քրիստոսի մեջ:
Վերջապես հանդիպում ենք մի քանի ուսուցումների.
-նոր անդրադարձ տառապող արդարի թեմային (Բ 10-20):
-Թագավորների առանձնահատուկ պատասխանատվությունն Աստծու՝ նրանց վստահած իմաստությունը գործադրելիս. «Լսեցե՛ք, ով թագավորնե՛ր, և հասկացե՛ք. սովորեցե՛ք, երկրի բոլոր ծագերի թագավորներ։ Ականջ դրե՛ք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը` Բարձրյալից. Նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր մտածումները։ Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում, չեք պահում նրա օրենքները և չեք հետևում Աստծո կամքին, իսկ Նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածություն» (Զ 1-12):
-Հատկապես հոգևոր անդաստանում մարդկային ճանաչողության սահմանափակ լինելը. «Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծո խորհուրդները, կամ ո՞վ կարող է խելամիտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ ՈՒստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի տակ» (Թ 13-18):
-Արարչագործությունը զննելու միջոցով միակ Աստծուն ճանաչելու հնարավորությունը (ԺԳ 1-9):
-Աստվածային նախախնամության իրականացմանն առնչվող նոր գաղափարներ՝ որոշ հին սուրբգրային պատմությունների կապակցությամբ (ԺԱ 22-ԺԲ 1, ԺԲ 15-18):
-Ահարոն քահանայապետի միջամտությունը, ում դերն ընդլայնվում է՝ բովանդակ աշխարհը ներառելու համար (ԺԸ 20-25):
«Իմաստություն Սողոմոնի» գիրքը հրեական մի ստեղծագործություն է, որը միաժամանակ աչքի է ընկնում Իսրայելի ավանդական դավանաբանությանը հավատարմությամբ և այդ դավանանքը ներկայի իրողություն դարձնելու իր հոգածությամբ: Եվ զարմանալի չէ, որ Եկեղեցու Հայրերը բազմիցս վկայակոչել են այդ գիրքը:


Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3417

Մեկնաբանություններ